Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Քալիֆորնիայի սենատի կողմից ընդունված բանաձեւն ունի հոգեբանական եւ մասնակիորեն նաեւ քաղաքական նշանակություն, սակայն պետք չէ այդ որոշման նշանակությունը գերագնահատել. սա մեկ այլ պետության կողմից ճանաչում չէ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ՝ այդ բանաձեւն իրավաբանական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ ամերիկյան նահանգների արտոնությունների մեջ չի մտնում այլ պետությունների ճանաչումը: «Քալիֆորնիայի Սենատի որոշման մեջ կա հոգեբանական նշանակություն. սա հայկական լոբինգի աշխատանքի եւ մկանների ցուցադրումն է», - ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերոհիշյալ որոշումը, հավելեց նա, ունի նաեւ քաղաքական նշանակություն, քանի որ Քալիֆորնիան առանձնահատուկ նահանգ է՝ բնակչության թվաքանակով, արդյունաբերական զարգացման մակարդակով ամենամեծը Միացյալ Նահանգներում, նահանգի սենատորները լուրջ դերակատարում ունեն Սենատում, սա նաեւ ամենաազատական նահանգներից է, այնտեղ մեծ է նաեւ ազգային փոքրամասնությունների թվաքանակը: 

Քալիֆորնիա նահանգի Սենատը օգոստոսի 27-ին է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւում նաեւ ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում ընդունել եւ աջակցել ԼՂՀ-ին: