Մեղրի-Երեւան ճանապարհին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած վարորդի՝  26-ամյա Ա. Ք.-ի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գորիսի բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝  հիվանդի մոտ առկա է գլխուղեղի ցնցում, գիտակցությունը տեղն է, գտնվում է հիվանդասենյակում եւ առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից:

Ի դեպ, վթարի հետեւանքով մահացած ամուսինները եւ նրանց նորածին բալիկը ապրում էին Գորիսի Քարաշեն գյուղում: Գյուղապետ Գառնիկ Շահնուբարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացողները երեք տարի է՝ ամուսնացած էին ու երեխա չէին ունենում, մի քանի ամիս առաջ էր ծնվել նրանց դուստրը: Նա նաեւ նշեց, որ կինը Սիսիանից էր եւ դեպքի օրը նրանք վերադառնում էին նրանց տնից: Ընտանիքը ապրում էր սոցիալական ծանր պայմաններում, ամուսինը զբաղվում էր տարբեր աշխատանքներով՝ հողագործություն, անասնապահություն եւ այլն: Գյուղապետը նաեւ տեղեկացրեց, որ Մասիսի հայրը մահացած է, նա ունի 4 եղբայր:

Նշենք, որ սեպտեմբերի 1-ին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել աջակողմյան դաշտը, ինչի հետեւանքով ուղեւորներ 34-ամյա Մասիս Հայրապետյանը, 19-ամյա Նելլի Նազարյանը եւ նրանց դուստրը` 2014 թ. ծնված Լուիզա Հայրապետյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: