Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին մեկ ամսվա ընթացքում վիրավորված 7 զինծառայողներից 3-ը դեռ գտնվում են Երեւանի Կենտրոնական զիվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«3 զինծառայողների վիճակն էլ լավ է, նրանք դեռ հոսպիտալում են, քանի որ փորձաքննության են ենթարկվում: Այս պահին քննարկվում է հարցը՝ արդյոք նրանք պիտանի են ծառայության, թե ոչ: Եզրակացությունից հետո նրանց կամ տուն կուղարկենք, կամ էլ ծառայության»,- ասաց նա:

Նշենք, որ վիրավորված զինծառայողներն են կապիտաններ Սրապիոն Մելքոնյանն ու Սարգիս Ստեփանյանը, շարքայիններ Արմեն Պետրոսյանը, Նորայր Քամալյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Մարգարյանը, Բենիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: