Պետությունը Հրազդանի ցեմենտի գործարանի եւ ՎՏԲ (Հայաստան) բանկի միջեւ պետք է միջնորդ դատավոր դառնա: Այսօր՝ սեպտեբերի 2-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա նշեց, որ հարցի հաջող լուծումից է կախված մի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցների եկամուտը:
«Հրազդանի ցեմենտի գործարանը գազի դիմաց 1,5 մլն դոլար պարտք ունի: Վարկատու բանկն ասում է. տվեք պարտքը եւ հետո սկսեք աշխատել: Գործարանն այլ բան է առաջարկում. կսկսենք աշխատել եւ վաճառելով արտադրանքը՝ կմարենք պարտքը: Ինչպե՞ս լուծել հարցը: Ամենագործուն որոշումը կլինի կառավարության արբիտրաժը», - հայտարարեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը սնանկ էր ճանաչվել եւ անցել ՎՏԲ (Հայաստան) բանկին, որն էլ վերջինիս վերանվանել էր «Ցեմենտ սերվիս» ԲԲԸ։




























