Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կկիրառվեն այն դեպքում, եթե ապացուցվի ՌԴ զորքերի ներխուժումը Ուկրաինայի տարածք, հայտարարել է Չեխիայի վարչապետ Միլոշ Զեմանը խորհրդարանում ելույթից հետո, հայտնում է «Կորեսպոնդենտը»:

Ի պատասխան լրագրողների հարցին՝ Չեխիայի Հանրապետությունն արդյոք պետք է աջակցի ՌԴ-ի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներին, Զեմանն ասել է. «Միայն եթե միանշանակ ապացուցվի, որ Ռուսաստանը զորքեր է ուղարկել արեւելյան Ուկրաինայի տարածք»:

Չեխիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին Բրյուսելից ստացել էր ՌԴ-ի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթ: Այս անգամ դրանք տնտեսական եւ ֆինանսական հատվածից բացի կարող են վերաբերել մշակույթին եւ ֆուտբոլին:

Այս մասին մասնավորապես հայտարարել էր չեխական ռադիոն՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ն օգոստոսի վերջին արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երեւում է, որ ռուսական ինքնագնաց հրետանին գտնվում է Ուկրաինայի տարածքում՝  սահմանի մոտ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այն լուրը, թե ՌԴ զորքերը ներխուժում են Ուկրաինայի տարածք եւ օգնում ռուսամետ ակտիվիստներին: