Սուդանի իշխանությունները փակել են Իրանի մշակութային բոլոր կենտրոնները եւ դրանց աշխատանքը համակարգող դիվանագետներից պահանջել լքել երկիրը եռօրյա ժամկետում, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:

Խարթումը պնդում է, որ դրանք սպառնալիք են պետության սոցիալական եւ ինտելեկտուալ անվտանգության համար եւ սուննիական երկրում «շիականություն են սերմանում»:

Ըստ փորձագետների՝ այս որոշման հետեւում կարող է թաքնված լինել Պարսից ծոցի երկրների ֆինանսական համակարգերից օգտվելու Սուդանի ցանկությունը, որոնցից շատերը վատ հարաբերություններ ունեն Իրանի հետ:

Սուդանը վերջին տարիներին տնտեսական խնդիրներ ունի՝ կապված երկրի քրիստոնյա հարավի առանձնացման եւ նավթով հարուստ շրջաններում քաղաքացիական հակասությունների հետ: