ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի գործով ձերբակալված շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Սեյրան Գրիգորյանը ասաց, որ իրենք վիճարկելու են առաջադրված մեղադրանքը եւ առաջիկա օրերին դիմելու են դատախազություն: «Օդ: Ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանում ով ցանկանում է իրեն ցույց տալ, ասում է՝ ինչքան դաժան,ինչքան ծանր հոդված դնեն, էդքան լավ»,- փաստաբանը այսպես որակեց  իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Նա նշեց, որ մեղասգրված արարքի վերաբերյալ բողոք են ներկայացնելու դատախազություն, ոչ թե գործով դատախազին, քանի որ վերջինս արդեն որոշակի վստահություն չներշնչող անձ է եւ հենց ինքը պետք է թույլ չտար այդ մեղադրանքի որոշումը: «Իմ պաշտպանյալն ու մահացող զինծառայողը իրար հետ դիտակետում են եղել, մոտ էլ հարաբերություններ են ունեցել, չեն վիճվել, կատակ են արել»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե կատակը զենքով էր, Սեյրան Գրիգորյանը հակադարձեց՝  «բա հո մատով չէ՞»: Նրա կարծիքով՝ տեղի ունեցածը բացառապես անզգուշության հետեւանք է, իր պաշտպանյալը սպանության միտում չի ունեցել եւ նրան մեղասգրվող արարքը իրականության հետ կապ չունի:  Տեղի ունեցած միջադեպից փաստաբանը մանրամասներ չհայտնեց՝ չցանկանալով բացահայտել նախաքննական գաղտնիք: Նա նաեւ տեղեկացրեց, որ թե մահացած, թե կալանավորված զինծառայողներին կես տարի էր մնացել զորացրվելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում օգոստոսի 28-ին գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի գործով ձերբակալված զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: Գործով ձերբակալված զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի  հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն: