Հայ-թուրքական արձանագրությունները թուրքական պլան էին, որին աջակցում էր ԱՄՆ-ն: Նպատակն էր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արգելափակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնում լավ գիտեն, որ Թուրքիան համաշխարհային հանրությանը խաբեց, իսկ Հայաստանն արեց հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար բոլոր քայլերը: «ԱՄՆ-ն ոչ մի ճնշում Թուրքիայի վրա չի գործադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այժմ Օբամայի համար շատ ավելի հեշտ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իր խոստումը դրժելը», - նշել է Արամ Համբարյանը:
Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ նրա, ձեռնտու ծրագիր էր եւ Թուրքիայի, եւ ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը պարտված դուրս եկավ: «Թուրքերը շախմատ էին խաղում, հայերը՝ շաշկի. Թուրքական կողմը շատ բարդ խաղ էր խաղում, հայկականը՝ շատ վատ էր նախապատրաստված», - ամփոփել է Համբարյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել էր 2008-ի աշնանը: 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ Ցյուրիխում ստորագրել էր «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն 2009-ի դեկտեմբերին այն ժամանակվա վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ սկսածն ավարտին հասցնելու: Թուրքիայի խորհրդարանում եւս վավերացման գործընթացը սառեցված է:



























