Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այժմ հանգստանում է եւ որեւէ աշխատանքի չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա որդին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, Գուրգեն Դումանյանը:

Չհաջողվեց անձամբ Դերենիկ Դումանյանից պարզել՝ արդյոք նա աշխատանքի որեւէ առաջարկ ունի, թե ոչ: Ինչ վերաբերում է նրա՝ նախարարի պաշտոնը որդուն նոր պաշտոն տրամադրելու դիմաց զիջելուն, Գուրգեն Դումանյանն ասաց հետեւյալը. «Նման բան չկա, ես չեմ կարծում, որ իմ պաշտոնը կապված է իր պաշտոնի հետ, պետք չէ մեկը մյուսի հետ կապել»:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը դեռեւս գործազուրկ է: Թեեւ ժամանակին գրվեց, որ նա իր կարիերան զոհել է որդու փառահեղ ապագային, որին նշանակեցին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, Դումանյանը, թերթին հասած տեղեկություններով, լուրջ հույսեր էր փայփայում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին վերադառնալու, սակայն սա շատերին անլուրջ է թվում, քանի որ ներկայիս ռեկտորը կաթողիկոսի բժիշկն է, եւ չնայած նրա օրոք բուհը շատ վատ վիճակում է հայտնվել, նրան դժվար թե պաշտոնանկ անեն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am