Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաջողված թոշակառու է։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի ակտիվության մասին հարցերին այսպես արձագանքեց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ Քոչարյանի կատարած հանցանքները մոռանալ հնարավոր չէ, առավել եւս Մարտի մեկի դեպքերը։ Ինչ վերաբերվում է քառյակի՝ թեժ աշնան խոստումներին, ապա Արզումանյանն իր կարծիքն ունի. «Արդեն 23 տարի ես լսում եմ ընդդիմադիրներից, որ թեժ աշուն է լինելու։ Ամեն դեպքում ես նման բան չեմ կանխատեսում, բայց կան հարցեր, որոնք կքննարկվեն այս ամիսներին։ Խոսքս առաջին հերթին կուտակայինին է վերաբերվում, որովհետեւ հարցը կիսատ է մնացել։ Ինձ համար առավել կարեւոր է Հայաստանի՝ ԵՏՄ-ին չմիանալը»։
Նշենք, որ հայկական «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում Քոչարյանը խոսել է քաղաքականություն վերադառնալու, տնտեսության հեռանկարների եւ առհասարակ ինչպես է անցկացնում ազատ ժամանակը:





























