«Նոյեմբերի 5»-ի գործով դատական նիստերին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի տված ցուցմունքը համապատասխանում է իրականությանը եւ ոչ մի կապ չունի նրա եղբորորդու դեմ հարուցված քրեական գործի հետ: NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալների հայտարարությանը, թե Վալերի Օսիպյանին Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների դեմ ցուցմունք տալու դիմաց խոստացել են եղբորորդուն արդարացնել, այսպես արձագանքեց Երեւանի փոխոստիկանապետը:

«Զարմանում եմ, թե ինչպես եք նման հեքիաթների հավատում: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, նման անհեթեթ արտահայտություններն իմ տրամաբանությունից դուրս են, չի կարելի չէ՞ մարդուն, ում անցյալը, ներկան չգիտեք, վարկաբեկել: Այն ինչ դատավարության ժամանակ վկայակոչել եմ, ասել եմ, պնդել եմ, իրականությանը համապատասպանում է եւ ընդհանրապես ոչ մի կապ չունի իմ եղբորորդու քրեական գործի հետ: Չե՞ք տեսել, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 5-ին: Պարտադիր պետք է ոստիկանների կողմից զոհեր լինեին, որ հանգստանայի՞ք»,- ասաց նա:

Վալերի Օսիպյանի պնդմամբ՝ Ազատության հրապարակում ոստիկանները գործել են օրենքի սահմաններում:

Նշենք, որ «Նոյեմբերի 5»-ի գործով տուժող է նաեւ Վալերի Օսիպյանը, որը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ քաղաքացիական հագուսոտվ ոստիկաններին ինքն է հրապարակ բերել:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am