Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը ՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, Պեկինում Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սպորտի հարցերի ազգային վարչության ղեկավարի տեղակալ, Չինաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ Յան Շուանի հետ: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին, չինացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ վերջին 22 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնց շարունակական զարգացումն ամրապնդում է երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապը: «Չինաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քաջատեղյակ է սպորտի ոլորտում ձեր կատարած աշխատանքի մասին եւ շահագրգիռ է սերտորեն համագործակցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման հարթությունում: Հայաստանն աշխարհին հայտնի է մի շարք մարզաձեւերով եւ մենք եւս ձեզանից շատ բան ունենք սովորելու»,-ընդգծել է Յան Շուանը: Նա նաեւ Գագիկ Շառուկյանին ջերմորեն շնորհավորել է Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերում մեր հայ մարզիկների տպավորիչ ելույթների ու հաղթանակների կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանն իր հերթին չինացի գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա հնարավոր համագործակցության մի շարք նախագծեր, որոնց կենսագործման ուղղությամբ շուտով գործնական քայլեր են իրականացվելու:

Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատվիրակությունը Չինաստան է մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախատեսված են մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաեւ գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը: