Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանին պատասխանատվության ենթարկելու եւ «Իտարկո քոնսթրաքշըն» ընկերության հաշվետվությունները պահանջելու գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի վերջին: Այս մասին NEWS.am-ին ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, որն էլ դիմել է դատարան:

«Դատարանը պետք է պարտադրի Հրաչ Կապրիելյանին ներկայացնելու ընտանիքիս բաժնեմասի հետ կապված փաստաթղթեր, խոսքս հաշվետվությունների մասին է, որոնք Հրաչ Կապրիելյանը համառորեն չի հանձնում մեզ: Իհարկե, այս պահին էդ ընկերությունը պատրաստվում է մի շենք շահագործման հանձնել, որը խոշոր գումարների հետ է կապված: Սպասում ենք դատարանի որոշմանը, թե չէ Հրաչ Կապրիելյանն իրեն անպատժելի է համարում, կեղծ հայրենասեր է ձեւանում, իսկ իրականում խաբեբայի մեկն է»,- ասաց նա:

Թե այս տարիների ընթացքում ինչքան գումար է ամերիկահայ գործարարը թաքցրել պատգամավորից, վերջինս դժվարանում է ասել. «Բավականին լուրջ թվեր են կազմում, տասը տարվա ընկերության ունեցած օգուտներից տեղյակ չենք, մենակ ցույց է տալիս, թե իբր վնասով է աշխատում: Իրավապահ մարմիններն ամեն ինչ կպարզեն»:

Նշենք, որ Հրաչ Կապրիելյանի ընկերության 20 տոկոս բաժնեմասը գրանցված է Արագած Ախոյանի կնոջ անունով:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանն ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարկո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանը երբեմնի գործընկերներ էին: Նրանց հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։