Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի մահվան գործով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը թույլ է տվել էական խախտումներ, չարաշահել է պաշտոնեական դիրքը. Այս չարաշահումների վերաբերյալ էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:
«Բողոքարկել ենք գործով դատախազի եւ քննիչների գործողությունները: Քննիչների հետ կապված բողոքը մերժվել է, պատճառաբանում են, որ մեր բողոքն անհիմն է, բայց չեն հիմնավորում: Մինչդեռ մենք համոզված ենք, որ այդ խախտումները էական ազդեցություն են ունեցել դատավճռի վրա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Սյուզաննա Խչեյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ քրեական դատարան. «Մենք մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք եւ ապացուցելու ենք, որ իսկական մեղավորն ազատության մեջ է»:
Նշենք, որ օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց եւ ազատազրկման դատապարտեց Արտաշես Խաչատրյանին՝ 5 տարի ժամկետով, իսկ Արթուր Միսակյանն էլ՝ 4 տարի 6 ամիս ժամկետով: Ըստ դատարանի կայացրած վճռի՝ Սարգիս Սահակյանին հասցրել են ինքնասպանության: Մինչդեռ Սարգիսի հարազատները պնդում են, որ 19-ամյա զինվորն ինքնասպանություն չի դիմել, նրան սպանել են, իսկ մարդասպանին թաքցնում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012-ի նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել էր 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի դին՝ բերանի շրջանում մահացու վնասվածքով:





























