Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը խոստանում է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում հրադադարի ռեժիմի կիրառման մանրամասները, սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԱԽ-ի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Առայժմ բանակցություններ են եղել, սպասում ենք շարունակությանը, թե ինչ կլինի… Մանրամասներն՝ ավելի ուշ»,- նշել է Լիսենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ հավելել է, որ չի կարող ասել, թե երբ կսկսի գործել հրադադարը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պորոշենկոյի մամուլի ծառայությունը փոփոխել է հրադադարի մասին հաղորդագրության բովանդակությունը:
Ավելի վաղ մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվել էր. «Զրույցի արդյունքը Դոնբասում մշտական հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումն է»: Որոշ ժամանակ անց՝ հաղորդագրությունը փոխվել էր. « Զրույցի արդյունքը Դոնբասում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումն է»:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը եւ Պորոշենկոն հրադադարի վերաբերյալ չեն պայմանավորվել, քանի որ Ռուսաստանը հակամարտող կողմ չէ:





























