Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել եւ բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Ալֆրեդ Բ.-ն նույն օրը նույն դեպքի մասին երկրորդ անգամ է ահազանգել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մաս: Արդեն երկրորդ ահազանգով Ալֆրեդ Բ.-ի բնակարան այցելած այս անգամ արդեն քննիչն իր գործընկերների թույլ տված խախտումները թաքցնելու դիտավորությամբ դեպքի վայրի զննության մասին արձանագրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: