Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հրապարակել է Դոնբասում իրավիճակի կարգավորման 7 կետից բաղկացած ծրագիրը:
«Առաջինը՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ուղղություններով, դադարեցնել զինված ուժերի, աշխարհազորայինների զինված խմբավորումների ակտիվ հարձակողական գործողությունները», - Պուտինի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
Երկրորդը՝ ապահովել Ուկրաինայի ուժային կառույցների զինված ստորաբաժանումների այնպիսի հեռավորության, որոնք կբացառեն հրետանու եւ համազարկային կրակի բոլոր տեսակներով բնակավայրերի գնդակոծության հնարավորությունը:
Երրորդ՝ նախատեսել հրադադարի պայմաններին հետեւելու եւ իրավիճակի դիտարկման լիարժեք եւ օբյեկտիվ միջազգային վերահսկողության իրականացում:
Չորրորդ՝ հակամարտության գոտում բացառել խաղաղ քաղաքացիների եւ բնակավայրերի դեմ ռազմական ավիացիայի կիրառությունը: Այնուհետեւ կազմակերպել հարկադրաբար պահվող անձանց փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձեւով՝ առանց նախապայմանների:
Վեցերորդ՝ բացել հումանիտար միջանցքները Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում փախստականների եւ հումանիտար բեռների առաքման համար:
Յոթերորդ՝ ապահովել Դոնբասի տուժած բնակավայրերում վերանորոգչական բրիգադների առաջխաղացումը՝ սոցիալական եւ կենսապահովման ենթակառուցվածքների խարխլված օբյեկտնրի վերականգնման նպատակով:
Պուտինը կարծում է, որ Կիեւի իշխանությունների եւ Ուկրաինայի հարավ-արեւելքի ներկայացուցիչների միջեւ այդ պայմանավորվածություները կարող են ձեռք բերվել ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ին նախատեսվող կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ:





























