Հայ-թուրքական հարաբերություններըի կարգավորման գործընթացը եւ ղարաբաղյան կարգավորումն իրար հետ ոչ մի կապ չունեն, NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բաքու այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Ըստ Շարմազանովի՝ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կապված լինել որեւէ նախապայմանի հետ: «Այս հարցում ցանկացած նախապայման անընդունելի է, Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կապելն առավել եւս անընդունելի է», - ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը:
Ինչ վերաբերում է նրան, որ Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ է արել կատարել խոստումները, Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն: «ԵԱՀԿ ՄԽ-ի երեք անդամ երկրների ներկայացուցիչներ ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժ չկիրառելու սկզբունքների հիմքով: Այս հարցում Հայաստանը եւ ՄԽ համանախագահ երկրները համակարծիք են, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, քանի որ Բաքուն վերջին ժամանակներս մշտապես ռազմատենչ հայտարարություններ է անում», - նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, Բաքու այցի ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հարցը շարունակում է առաջնային եւ առաջնահերթ մնալ Թուրքիայի համար: Ըստ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իրենք Դաշինքից կպահանջեն կատարել Ադրբեջանին տված խոստումները:





























