ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, աշխատանքային այցով մեկնել է  Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների եւ այգետերերի հետ:  Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:

Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք բերել  ֆերոմոնային թակարդներ՝  խնձորենու պտղակեր վնասատուի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով, ինչպես նաեւ աջակցել մատչելի պայմաններով թունաքիմիկատների ձեռքբերման գործում: Որոշ այգիներում տարածվել է բակտերիալ այրվածք հիվանդությունը, սակայն  Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գյուղատնտեսները տրամադրում են համապատասխան նյութեր՝ ճիշտ ագրոտեխնիկական աշխատանքներ կատարելու համար:

Այնուհետեւ Ապարանի տարածաշրջանի Վարդենուտ համայնքում նախարարը հետեւել է կառուցվող սպանդանոցի շինարարության աշխատանքներին: Այս սպանդանոցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ Հայաստանում հիմնադրվող 5 սպանդանոցներից մեկն է, որտեղ նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր կենդանիների մորթ: Սպանդանոցի շահագործումը հնարավորություն կտա կազմակերպել մարզի եւ հարեւան շրջանների գյուղատնտեսական կենդանիների կանոնակագրված մորթ: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ սպանդանոցի շինարարությունն արդեն ավարտման փուլում է եւ մեկ ամսից այն կհանձնվի շահագործման:

Նախարար Սերգո Կարապետյանի հաջորդ կանգառն Աղձք համայնքի «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն էր, որի գործադիր տնօրեն Արթուր Համբարձումյանը  նախարարին ներկայացրել է, որ ընկերությունն ունի վանդակային պահվածքով՝ գերմանական արտադրությամբ, 5 թռչնանոց   եւ պատրաստվում է եւս մեկը հանձնել շահագործման: Այս պահին ընկերությունն արտադրում է օրեկան 600 արկղ ձու, որն  իրացվում է տեղական շուկայում: 

Արագածոտնի մարզում նախարարը եղել է նաեւ Ագարակավան համայնքում, որտեղ ծանոթացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրով իրականացված արոտների ջրարբիացման ծրագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքներին: 

Ծրագրի նպատակն է արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաեւ ընտրված անասնապահական եւ բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանման ավելացումը:

 Ագարակավան համայնքի ղեկավար Խորեն Կիրակոսյանի տեղեկացմամբ ստեղծվել է արոտօգտագործողների միություն, որին անդամակցում են  համայնքի 194 տնտեսություններից 119-ը, սակայն  նա լիահույս է, որ անդամների թիվն աստիճանաբար կավելանա:

Արագածոտնը հանրապետության ամենաշատ խնձորի այգիներ ունեցող մարզն է, այստեղ խնձորի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 2640 հեկտար: Դիտարկումները ցոււյց են տվել, որ  այս տարի մարզում խնձորի բարձր բերք է սպասվում: Մարզի բնակիչները  նաեւ զբաղվում են  անասնապահությամբ , Ագարակավան համայնքում ստեղծվել է անասնապահական կոոպերատիվ , որին նախարարությունն  առաջիկայում կտրամադրի գյուղտեխնիկա, մասնավորապես՝  խոտհնձիչ եւ  հակավորող մեքենաներ՝ անհրաժեշտ խոտը կուտակելու համար: Այսօր հանրապետությունում գործում են նման 95 կոոպերատիվներ, որոնց կազմակերպումը թույլ է տալիս մարդկանց ավելացնել իրենց եկամուտներն ու լուծել առկա խնդիրները: Երկրորդ ծրագրով կլուծվեն  նաեւ կաթի, մսի իրացման խնդիրները եւ մի քանի տարի անց մենք կունենանք զարգացած անասնապահություն», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարարը: