«Բժշկական Ազատ – Անկախ Արհմիության» 1927 անդամները բաց նամակով դիմել են ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով փոխել «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոցը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Բժիշկ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Բժիշկ Վ. Ղուկասյանը գտնվում է նախնական կալանքի տակ եւ նրա նկատմամբ կիրառվում է կալանավորումը՝ որպես խափանման միջոց:
Հաշվի առնելով բժշկի կարեւորագույն դերը մեր հասարակության մեջ եւ, նաեւ այն, որ բժիշկ Ղուկասյանը չի հանդիսանում վտանգավոր հանցագործ, այլ հակառակը, մարդ՝ ով ամբողջ կյանքում մարդկանց ապրելու համար է պայքարել եւ բազում կյանքեր նվիրել ու փրկել, խնդրում ենք միջնորդել՝ փոխելու կալանավորումը` համապատասխան գրավի դիմաց Հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ, եւ եթե դատավարության ընթացքում նույնիսկ ապացուցվի բժիշկ Վ. Ղուկասյանի մեղքը, խնդրում ենք նրա նկատմամբ կիրառել համեմատաբար մեղմ պատիժ»:
Նշենք, որ բժիշկը կալանավորվել է Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով: Ըստ նախնական մեղադրանքի՝ Վլադիմիր Ղուկասյանը թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել 15-ամյա տղայի մահը:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























