ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները սառեցված են, եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական թեման կլինի դրանց վերաիմաստավորումը, սակայն առայժմ դաշինքում չի հասունացել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ցրելու որոշումը: Այս մասին հայտնել է Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Մեր հարաբերությունները սառեցված են, եւ առայժմ հավանական չի, որ դաշնակիցները կարող են ապասառեցնել: Բայց նաեւ խորհուրդը ցրելու որոշում չկա: «Գագաթաժողովին կկայանա ռազմավարական քննարկում այն մասին՝ ինչպես կառուցել Եվրոպայի անվտանգությունը այսպիսի Ռուսաստանի հետ», — ընդգծել է նա:

Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ստիպեցին այլկերպ նայել վերջին տարիների դեպքերին, այդ թվում՝ Վրաստանում 2008թ. պատերազմին, Ռուսաստանի նախորդ տարվա մեծածավալ զորավարժություններին:

«Ռուսաստանը բացեիբաց ՆԱՏՕ-ին հակառակորդ է համարում, ինչը նրա բոլորովին այլ կերպարն է վերհանում, եւ մենք պետք է հաշվի առնենք ռազմավարական հետեւանքները»,-ասել է նա:

Մինչեւ վերջերս, ըստ նրա, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամենաբարձր մակարդակն ուներ, ոչ մի երկրի հետ ՆԱՏՕ-ն փոխգործակցության նման կառուցվածք չուներ:

 «Բայց այսօր մենք այն չենք կարող գործընկեր համարել: Ես առայժմ չգիտեմ՝ դաշնակիցներն ինչ բառ կհորինեն այն որակելու համար», — ասել է պաշտոնյան: