Դիլիջան ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանն աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն:
NEWS.am-ին բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Աշոտ Դավթյանի փոխարեն ժամանակավոր տնօրեն է նշանակվել Սահակ Մուրադյանը: Մեր հարցին, թե որտեղ է աշխատել Սահակ Մուրադյանը, պատասխանեցին՝ Արարատի մարզպետարանում:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» թերթի՝ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում։ Մոտ 4-5 օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական։





























