Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին՝ Աահակ Մուրադյանը, նշանակվել է Դիլիջանի ազգային պարկի տնօրեն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Մուրադ Մուրադյանը:  «Նա մարզպետի օգնականն էր, միասին աշխատել են, տեսել է լավ կադր է, տարել է»,- ասաց նա: Հարցին, թե բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ որեւէ ազգակցական, բարեկամական կապ ունեն, պատգամավորը այսպես արձագանքեց. «Ես Մուրադյան եմ, ինքը Գրիգորյան, հիմա ես ոնց ասեմ: Անկեղծ ասեմ՝ եթե ես պաշտոնյա լինեի, տեսնեի լավ կադր չի, ուզում է բարեկամ լինի, ով ուզում է լինի, չեմ աշխատի հետը, ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին, թե կկարողանա՞ Մուրադ Մուրադյանի որդին աշխատել այդ պատասխանատու պաշտոնում, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց՝ կաշխատի, կտեսնենք:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում։ Մոտ 4-5 օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական։ Այս նշանակումը եւ Դիլիջան ազգային պարկի այլեւս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը կարծես թե գաղտնի են պահվում: