Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Երեւանի ավագանու անդամ, օրերս ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակված Դավիթ Սեդրակյանը իր նոր պաշտոնը կապում է թե հոր, թե իր ստացած կրթության հետ; Նա պատասխանել է NEWS.am-ի թղթակցի մի քանի հարցերին:

Պարոն Սեդրակյանը, թեեւ դուք արտերկրում կրթություն եք ստացել, բայց շատերը ձեր նոր պաշտոնը կապում են ձեր հոր գործունեության հետ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել առաջնային:

Դժվար հարց եք տալիս, ինձ թվում է՝ պետք է այդ ամեն ինչը իրար հետ մեկ ամբողջություն դիտել, չի կարող կապ չունենալ իմ հոր հետ եւ չի կարող կապ չունենալ նաեւ իմ կրթության հետ: Ես ուրախ կլինեմ որ մեկի հետ էլ կապվի, եթե անգամ իմ հոր հետ էլ կապվի, ուրախ կլինեմ, բայց այնպես չի լինում, որ մարդը անգրագետ լինի, հոր կամ աներոջ միջամտությամբ նման պաշտոն զբաղեցնի:

Դիսկոմֆորտ չեք զգում, որ շատերի համար ձեր պաշտոնը կապված է միայն ձեր հոր անձի հետ:

Երբ մի բան ասում եմ, ընդհանրապես դիսկամֆորտ չեմ զգում: Եթե ինչ-որ մեկը ասի, ով իրենից մեծ բան ներկայացնի եւ վատ բան ասի, իմ ինքնասիրությանը կպնի, իմ անձին վիրավորի, կարող է դիսկոմֆորտ զգամ, բայց ասեկոսներից ընդհանրապես դիսկոմֆորտ չեմ զգում:

Պաշտոնը ստանձնելուց հետո Մհեր Սեդրակյանի կողմից խնդիրներ դրվե՞լ է ձեր առաջ:

Իմ հայրը այդ ատսիճանի մանրամասնորեն չի խառնվում իմ գործերին:

Դուք ի՞նչ եք հակված մտածել՝ ձեր ո՞ր արժանիքի համար են այդպիսի պաշտոն վստահել:

Չեմ ուզում պատասխանել այդ հարցին: Գիտելիքների համար:

Ինչպե՞ս եք համատեղելու Երեւանի ավագանու հասարակական հիմունքներով աշխտանքը եւ նոր պաշտոնը, հասցնելո՞ւ եք:

Կարծում եմ՝ այո, եթե չկարողանամ, կհրաժարվեմ ավագանու աշխատանքից:

Արդեն մի քանի օր է՝ ինչ նշանակվել եք, հոգեհարազա՞տ է այդ աշխատանքը:

Այո, դա իմ նորամուտն է պետական կառավարման համակարգ, ուրախությամբ եմ մտնում եւ ուզում եմ ասել, որ ինչ տեսակի պաշտոն էլ լիներ, մեծ ոգեւորվածությամբ կընդունեի:

Որոշ ժամանակ առաջ էլ լուրեր էին տարածվել, թե դուք ծեծի եք ենթարկել քրեական հեղինակություն «Զուբին»: Դուք որեւէ առնչություն ունե՞ք քրեական աշխարհի հետ:

Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ես կյանքում գողականների հետ առնչություն չեմ ունեցել եւ չեմ էլ ունենա, իմ կյանքը չի կարող նման բաների հետ կապված լինել, ոչ մեկին չեմ ծեծել, իմ հարցերը այդ ձեւով չեմ լուծում: Ով նման բան է ասում, թող հրապարակի փաստեր: Ես նման մարդ չեմ ճանաչում, չեմ էլ լսել կյանքում:

Դուք ասում եք՝ կապ չունեք գողական աշխարհի հետ, բայց ձեր հայրը իր անկեղծ հարցազրույցներում խոստովանում է իր այդ աշխարհի հետ ունեցած կապը:

Պարոն Սեդրակյանը կարող է կապ ունենա, կարող է ասի, ես առանձին մարդ եմ, ինքը իմ հայրն է, կարող է ինչ-որ ձեւի ապրել, ես իմ կյանքի ձեւը պետք է ընտրեմ, անպայման չէ հայրս ինչ կյանքի ձեւ ունենա, նույնն էլ ես ընտրեմ ու շարունակեմ:

Պարոն Սեդրակյան, անընդհատ գրում են, թե ձեր հայրը եւ Հովիկ Աբրահամյանը լարվածություն ունեն, բայց ձեր նշանակումը այլ բան է ցույց տալիս:

Հովիկ Աբրահամյանը մեր երկրի վարչապետն է եւ չի կարող իմ հոր եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ լարվածություն լինել: Դրանից բացի՝ Հովիկ Աբրահամյանը իմ հոր վաղեմի ընկերն է:

Տեղեկություններ էին տարածվել, թե  Էրեբունի վարչական շրջանի սանմաքրման բաժնի պետ Ժիրայր Այվազյանը ձեր հոր եւ Հովիկ Աբրահամյանի «պատերազմի զոհն» է եւ նրան աշխատանքից ազատել են:

Ոչ մեկ չի կարող նրան աշխատանքից ազատել, որովհետեւ դա ՍՊԸ  եւ ոչ մեկ չի կարող տնօրենին աշխատանքից ազատել, այդ մարդու անունը որ գրել են, չգիտեն, որ նա չէ այդտեղի տնօրենը, նա սեփականատերն է, հետեւաբար՝ ոչ մեկ չի կարող սեփականատիրոջը ազատել աշխատանքից:

Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը