Լեհաստանի եւ Գերմանիայի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ Յոակիմ Գաուկը հանդիպել են Վեստերպլատտեում, որտեղ էլ հենց 75 տարի առաջ հնչել են Երկրորդ աշխարհամարտի առաջին կրակոցները:
1939 թ-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան գերմանական զորքերի ներխուժմամբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը` մարդկության պատմության ընթացքում ամենաշատ կյանքեր խլած ռազմական հակամարտությունը:
Իր ելույթում Լեհաստանի նախագահը նշել է պատմական փորձառության կարեւորությունը մեր օրերում, երբ Եվրոպական միությունից դեպի արեւելքում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել: «Մեր աչքի առաջ ռազմական միջոցներ են օգտագործվում մեր հարեւանի նկատմամբ: Միջազգային իրավունքն ու քաղաքակիրթ աշխարհի նորմերը խախտվում են գիտակցաբար եւ ցինիկաբար»,- նշել է Բրոնիսլավ Կոմորովսկին:
Գերմանիայի նախագահ Յոակիմ Գաուկն իր հերթին հիշատակեց այն ողջ սարսափն ու դաժանությունը, որ ստիպված են եղել կրել տարբեր ժողովուրդներ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Նրա խոսքով`այսօր էլ Եվրոպան մեծ մարտահրավերների առաջ է կանգնած, ուստիեւ այն պետք է միացյալ մնա: «Միայն միասին կարող ենք հաջողության հասնել ժողովրդավարական եւ խաղաղ Եվրոպայի կառուցման հարցում: Եվ միայն միասին կարող ենք այն պաշտպանել»,- ամփոփել է Յոակիմ Գաուկը: Նա նաեւ շեշտել է, որ չի կարելի հանդուրժել միջազգային իրավունքի փոխարինումը ուժի իրավունքով: «Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:
Երկու երկրների ղեկավարները նաեւ անդրադարձ են կատարել լեհ-գերմանական հաշտեցման գործընթացին` ընգծելով երկու ժողովուրդների կամքը հաղթահարելու պատմական խնդիրները`հանուն միասնական եվրոպական ապագայի:





























