Ծանոթ դեմք, հայտնի իրավաբան եւ պետական ծառայող, այսպես ներկայացրեց ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում նախկին պետ Հայկ Հարությունյանին, որը կազմակերպչական խնդիրների պատճառով չկարողացավ ներկայանալ։ Արթուր Օսիկյանը ծանոթ դեմք է, հայտնի իրավաբան, պետական ծառայող, աշխատել է տարբեր կառույցներում։ Վերջին մի քանի տարիներին կարեւոր գործունեություն է ծավալել ոստիկանության համակարգում։ Այժմ քրեակատարողական վարչությունում Օսիկյանը շատ հարցերին պատասխան կտա։ Դատապարտյալների վիճակը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, հետեւաբար Օսիկյանը բավականին աշխատանք ունի կատարելու։ Վստահ եմ, որ մոտ ապագայում դրական տեղաշարժներ են լինելու»,- ասաց նա։
Արթուր Օսիկյանն էլ իր հերթին նշեց, որ որեւէ մեկին աշխատանքից ազատելու ցանկություն չունի, շարունակելու է աշխատել ներկայիս աշխատակիցների հետ, եթե նրանք հարգեն դատապարտյալների իրավունքները եւ չխախտեն դրանք։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիկյանը ԱՆ քրեակատարողական վարչության պետ է նշանակվել սեպտեմբերի երեքին՝ Հայաստանի նախագահի հրամանագրով։





























