Ուելսում սեպտեմբերի 4-ին աշխատանքն է սկսում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունն ու Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների տարբերակները:
Դաշինքի ղեկավարությունը հանդիպման հինգ թեմա է առանձնացրել. Հավաքական ինքնապաշտպանության ամրապնդումը, տրանսատլանտյան համերաշխության ցուցադրումը, Աֆղանստանում առաքելության ավարտը, գործընկերների հետ հարաբերությունները եւ ուկրաինական ճգնաժամը: Ուկրաինական ճգնաժամի մասով շեշտը կդրվի ավելի «ճկուն եւ արագ» դառնալու դաշինքի պատրաստակամության վրա, որպեսզի «դիմակայեն հնարավոր բոլոր սպառնալիքներին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Ուելսի գագաթաժողովը կոչված է վերածնել դաշինքի առաքելությունը՝ հետեւել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին: Այդ հոդվածով դաշինքը սահմանվում է որպես պաշտպանական միավորում. ՆԱՏՕ-ի անդամի դեմ ցանկացած հարձակում դիտվում է հարձակում դաշինքի դեմ: Գագաթաժողովի արդյունք կարող է դառնալ արագ արձագանքման նոր՝ առնվազն 10 հազար մարդուց բաղկացած զորքերի ստեղծման որոշումը եւ ռուսական սահմանի մոտ ռազմական ներկայության աճը, գրում է rbc-ն:





























