ՀՔԾ-ում ՕԵԿ-ի դիմումը մերժվել է հանցակազմ չլինելու պատճառով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ասուլիսի ժամանակ նշեցին ՀՀ Ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը եւ պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը՝ ներկայացնելով ՀՀ ՀՔԾ կայացրած որոշումը՝ օգոստոսի 13-ին ՕԵԿ-ի եւ համալսարանի ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ շինարարություն է իրականացնում Ագրարային համալսարանին հարակից տարածքում, սակայն համալսարանի անձնակազմը դեմ է եւ օգոստոսի 13-ին կողմերի միջեւ հրմշտոց էր տեղի ունեցել, շուռ էր եկել ցանկապատը, վնասվել էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Էֆենդյանի խոսքով՝ ՕԵԿ-ի պատգամավորները դիմել էին ՀՀ ոստիկանապետին եւ գլխավոր դատախազին՝ բնութագրելով Ագրարային համալսարանի աշխատակիցների եւ ուսանողների վարքը որպես խուլիգանություն: «Այն տարածքը, որը Կառավարության կողմից մեզ էր հատկացված, մենք պարզապես ցանկանում էինք պահել, քանդել ցանկապատը, բայց դա իրենք որակել են որպես խուլիգանություն: Մենք երեկ չէ առաջին օրը ՀՔԾ-ի վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացանք Քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կայացված որոշումը՝ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի հաղորդման վերաբերյալ: Այսպիսով, քրեական գործ է հարուցվել մերժելու մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ տարածքը նախկինում քաղաքապետարանն իրենց է հատկացրել որպես հողատարածք, սակայն այժմ այնտեղ կա երկհարկանի շենք առանց շինթույլտվության, առանց նախագծի:

«Վատ է այն, որ Երեւանում գիշերով կառուցվեց երկհարկանի շենք, որի դեմն առնել ոչ ոքի չհաջողվեց: Անգամ դատարանի որոշում եղավ, որը կատեգորիկ արգելեց որեւիցե աշխատանք կատարել՝ բացի տանիքի վերականգնումից, ԴԱՀԿ-ից եկան, ասացին՝ չի կարելի, դադարեցրեք, եկան Քաղաքապետարանից, երկու անգամ արձանագրություն կազմեցին եւ տուգանեցին մի անգամ 200 հազար դրամ, մի անգամ էլ՝ 2 մլն 500 հազար դրամ, բայց միեւնույնն է, մարդիկ համառորեն կառուցեցին եւ դա նրանցից շատերի մոտ հպարտություն է առաջացնում: Ի վերջո, քննիչը, մանրամասն ուսումնասիրելով բոլոր իրադարձությունները, եկել է այն եզրակացության, որ հանցակազմ չկա այստեղ, որ դեպքը տեղի է ունեցել Ագրարային համալսարանի տարածքում՝ Տերյան 74 հասցեում, այլ ոչ թե Աբովյան 43/1 հասցեում: Իրենք բողոքել էին, որ մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, մեկը՝ գլխի, բայց պարզվեց, որ պարոն Մարգարյանը 7 տարի է ունեցել ողնաշարի ցավեր, խնդիրներ, իսկ տիկին Բիշարյանը հրաժարվել է բժշկական հետազոտությունից»,-ասել է Էֆենդյանը:

ՀՀ Ազգային ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանն էլ նշել է, որ Տերյան 74 հասցեում գտնվող տարածքն անվիճելիորեն պատկանում է Ագրարային համալսարանին, դա պետության սեփականությունն է, այստեղ գոյություն ունի պետության շահ, եւ պետական ատյանները պետք է արձագանքեն: