Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն Դավիթ Վարդանյանին 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկելու դատավճիռը շատ խիստ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը:
«Ահավոր խիստ էր, շատ խիստ էր դատավճիռը»,- նշեց նա: Փաստաբանը չցանկացավ նշել, թե ըստ իրեն՝ ինչպիսի դատավճիռը կլիներ արդարացի: Վահան Հայրապետյանը հավելեց, որ ամեն ինչ ասել է իր պաշտպանական ճառում: Հայտնի չէ նաեւ՝ կբողոքարկեն դատավճիռը, թե ոչ:
Հիշեցնենք, որ Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ ընթացքում Դավիթ Վարդանյանը պետք է նաեւ հարկադիր բուժում ստանա թմրանյութերի կախվածությունից:
Նշենք, որ նույնքան պատիժ էր դատախազը պահանջել Յուրի Վարդանյանի որդու համար: Յուրի Վարդանյանը ներկա չէր դատավճռի հրապարակմանը, դատարանի դահլիճում նստած էր Դավիթի մայրը, որը հրաժարվեց մեկնաբանել պատժաչափը:
Նշենք, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։
Դավիթ Վարդանյանն ավելի վաղ իր վերջին խոսքում պնդել էր, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե մաքսանենգության ճանապարհով՝ Իրան-Հայաստան սահմանից, իրացնելու նպատակով:





























