Գյուղատնտեսության տեսակարար կշիռը՝ ներառյալ անտառտնտեսությունն ու ձկնաբուծությունը, մեր երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) բավական զգալի է: Օրինակ՝ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 7.2%, իսկ երկրորդ եռամսյակում՝ 12.2%: Նշենք, որ սովորաբար ՀՆԱ-ում ամենամեծ տեսակարար կշիռն այս ոլորտում արձանագրվում է երրորդ եռամսյակում:
Բայց այսպիսի բարձր ցուցանիշներն ավելի շատ վկայում են երկրի տնտեսությունում արդյունաբերական արտադրանքի փոքր դերի, այլ ոչ թե հզոր գյուղատնտեսության մասին: Զարգացած երկրներում ՀՆԱ-ում այդ ոլորտի մասնաբաժինը հաշված տոկոսներ է կազմում: Սակայն նման երկրներում գյուղատնտեսությունը գրեթե ամբողջությամբ ազգային շուկայի պահանջարկն ապահովում է իր իսկ արտադրանքով, իսկ ավելցուկն արտահանվում է:
Տեսանելի ապագայում մեզ մոտ նման մակարդակի հասնելու համար այդ ոլորտները պետք է համախառն արտադրանքի երկնիշ աճ արձանագրեն: Սակայն, ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների տվյալներով, գյուղատնտեսությունը՝ ներառյալ անտառտնտեսությունն ու ձկնաբուծությունը, համեստ ցուցանիշներ է գրանցել: Արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպն ավելացել է ընդամենը 3.8%-ով՝ տարեկան կտրվածքով, այդ թվում՝ հենց գյուղատնտեսությանը՝ 3.2%-ով:
Միաժամանակ, այդ 3.8%-ից հենց գյուղատնտեսությունն ապահովել է 3.1% աճ, ձկնաբուծությունը՝ 0.7%: Նշենք, որ վերջինի մասնաբաժինն արտադրանքի ընդհանուր ծավալում համեմատաբար մեծ չէ (տարեկան կտրվածքով՝ ընդամենը 4.2%): Սակայն արտադրանքի ֆիզիկական ծավալի աճի տեմպով (21.2%) ձկնաբուծությունը շատ առաջ է անցել հենց գյուղատնտեսությունից:
Ձկնաբուծությունը հատուկ ուշադրության է արժանի՝ կապված դինամիկ զարգացման եւ արտահանման աճի հետ (առաջին կիսամյակում՝ գրեթե 1.000 տոննա): Հայտնի է, որ այս ոլորտում տասնյակ ընկերություններ են աշխատում: Մի կողմից՝ այդ կարծես տեղական շուկայում մրցունակություն է ապահովում: Սակայն հարցականի տակ են դրանց գործունեության արդյունավետությունը, աշխատանքի արտադրողականության մակարդակը եւ այլն:
Ներկայում կառավարությունը խիստ միջոցներ է ձեռնարկում ձկնաբուծական տնտեսությունների կողմից արտեզյան ջրերի օգտագործման առնչությամբ: Այլ հարց է, արդյո՞ք այդ խստացումները վերաբերում են բոլոր ձեռներեցներին, թե՞ անցկացվում են ընտրողաբար: Խնդիրը նաեւ նրանում է, որ այդ միջոցները, որոնք չեն ուղեկցվում տնտեսություններին պետական համարժեք աջակցությամբ, կարող են բացասական հետեւանքներ ունենալ ինչպես տեղական շուկայի, այնպես էլ արտահանման համար:





























