Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հայաստանում չէ եւ 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի գործով չի զբաղվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղաքապետը նշեց, որ ոչնչից տեղյակ չէ:

«Կգամ, կխոսենք, ես հիմա Պորտուգալիայում եմ, ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ նպատակով է Պորտուգալիա մեկնել, Վարդան Ղուկասյանը ծիծաղելով արձագանքեց. «Ակուլայի գործարան եմ բացում»:

Նշենք, որ Վահե Ղուկասյանի փաստաբանն առաջին ատյանի կայացրած որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեւորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։