Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը: Վերաքննիչ դատարանը մերժել էր բեկանել դատավճիռը: Իսկ այժմ դիմելով Վճռաբեկ դատարան՝ փաստաբանն ասաց, որ խնդրում են արդարացնել Հարություն Սարգսյանին: Հարություն Սարգսյանը շարունակում է գտնվել «Երեւան» ՔԿՀ-ում եւ իրեն նորմալ է զգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի:





























