Հայաստանում տարեսկզբից արձանագրվել է մահացու ելքով ծանր պատահարների թվի նվազում: Այս մասին հաղորդել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ տարեսկզբից գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների աճ՝ 2020, որոնց արդյունքում զոհվել է 192, վիրավորվել՝ 2913 մարդ: Նախորդ տարվա համեմատ զոհերի թիվը կրճատվել է 20-ով:
ՃՈ ներկայացուցչի խոսքով՝ երկրում ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության տեխնիկական միջոցների ներդրման պահից զոհերի թիվը նվազել է: Եթե 2009թ. Երեւանում պատահարներից ավելի քան 70 մարդ էր զոհվել, 2010թ.՝ 80 –ից ավելի, 2011 –ին՝ 90 –ից ավելի, ապա 2012թ. զոհերի թիվը կրճատվել էր մոտ 3 տասնյակով՝ տեխնիկական միջոցների ներդրման առաջին իսկ տարում:
Ընդ որում՝ 5 տարվա ընթացքում երկրում 132 տրանսպորտային միջոց է ավելացել, այդ թվում հավաքակազմի փոփոխություն է գրանցվում, բերվում են մեծ քանակությամբ արագընթաց մեքենաներ:
ՃՈ ներկայացուցիչը պնդում է, որ աշխարհում վերջին տարիներին գրանցվում է ճանապարհային պատահարների աճ, եւ Հայաստանը չի կարող բացառություն լինել: «Մեր նպատակն է ոչ թե կրճատել պատահարների, այլ ծանր պատահարների թիվը», - նշել է ՃՈ ներկայացուցիչը: Նա օրինակ է բերել Ֆրանսիայի փորձը, որտեղ վերջին 10 տարիներին տեխնիկական միջոցներ ներդնելուց ի վեր մահացու ելքով ճանապարհային պատահարների թիվը կրճատվել է 65%-ով:





























