Եթե ՆԱՏՕ-ն ուժեղացնի իր զորքերը Լեհաստանում եւ Մերձբալթիկայում, Ռուսաստանի կողմից  հավելյալ արձագանք չի լինի, քանի որ 90-ականներից սկսած, իսկ վերջին տարիների՝ ավելի ինտենսիվ կերպով,  Ռուսաստանն առանց այն էլ իր պաշտպանությունը կառուցել է հիմնականում ՆԱՏՕ-ի դեմ, «Ռոսբալտի» հետ հարցազրույցում հայտնել է ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը: 

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին գործընկեր էր համարում, իսկ Ռուսաստանը միշտ էլ ՆԱՏՕ-ին թշնամի է կարծել: Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառույցներ չեն եղել, իսկ Ռուսաստանը պատրաստվել է  պաշտպանության, այդ թվում նաեւ` Կալինինգրադի երկրամասի: Այսինքն` մենք փոխելու առանձնապես բան չունենք: Արեւմուտքն է փոխվում, քանի որ այժմ Ռուսաստանին գլխավոր սպառնալիք է համարում», – կարծում է փորձագետը:

Ըստ նրա` ՆԱՏՕ-ն այժմ ավելի շատ մանեւրներ կիրականացնի Լեհաստանում եւ Մերձբալթիկայում: «Հավանաբար,  կսկսվի  ծանր տեխնիկայի նախնական  պահեստավորում, սակայն այնտեղ մեծ քանակությամբ զորքեր չեն հայտնվի, դրա համար ոչ ոք այդքան գումար չունի: Ամերիկացիներից բացի`  ուրիշի տարածքում ոչ ոք զորք չի պահում, մի փոքր ֆրանսիացիները եւ անգլիացիները, սակայն հիմնականում` Եվրոպայում», – նշել է Ֆելգենհաուերը:

Նա ընդգծել է, որ առայսօր ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Եվրոպայի արեւելքում կրում էր խորհրդանշական բնույթ: Այժմ հարցը խորհրդանշականի մեջ չէ. որոշակի ներուժ է ստեղծվում, որի նպատակն այն է, որ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում միանգամից անցում չարվի միջուկային զենքին, որպեսզի հնարավորություններ լինեն Ռուսաստանին զսպել պայմանագրային ուժերի օգնությամբ: