Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը: Մարգվելաշվիլին զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում ճգնաժամի եւ 2008թ. օգոստոսին Վրաստանի իրադարձությունների միջեւ:  

Ըստ Մարգվելաշվիլիի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Ուկրաինայում բարդ իրավիճակը միայն այդ երկրի կամ Վրաստանի խնդիրները չեն, «հիմնախնդիրը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը», - նշել է նա:

«2008 թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ Ուկրաինայում իրավիճակը նույն սցենարի մասն են: Այդ մասին արդեն խոսում են տարբեր հետխորհրդային երկրների ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ն մեկ միասնական մոտեցում պետք է ունենա այդ հարցերի լուծման վերաբերյալ:  Սակայն ռազմական միջամտություն այստեղ չի ենթադրվում», - նշել է Գեորգի Մարգվելաշվիլին:

BBC-ի լրագրողը Վրաստանի նախագահին խնդրել է պարզաբանել, թե ինչու է Հայդի Թալիավինիի հանձնաժողովը Վրաստանին մեղադրել 2008 թ. օգոստոսին պատերազմ հրահրելու մեջ:

«Ես չեմ կարծում, որ նրանք մեղադրել են Վրաստանին եւ դա չի կարելի է որպես եզրակացություն դիտարկել: Մենք հարցն ավելի որոշակի պետք է դիտարկենք: Այդ հանձնաժողովի նպատակն է եղել  որոշակի փաստեր հաստատելը, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, եւ այնտեղ տարբեր մանրամասներ կան:  Վրաստանի եւ Ուկրաինայի իրադարձությունները ռուսական քաղաքական գործիչների իրականացրած քաղաքականության մասն են: Նրանք ասում են, որ իրավունք ունեն վճռել անկախ ազգի ճակատագիրը: Անհնար է պատերազմ սկսել սեփական տարածքում»,- նշել է նախագահը, փոխանցում է «Գռուզիա Online»-ը: