Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի գործով դատական հերթական նիստին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, դատարանը հետազոտում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկների ձայնագրությունը։

Նախատեսվում էր, որ այսօր դատարանը նախ կլսի տուժող կողմին, սակայն Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, դատական նիստին չէր ներկայացել «անկողնային հիվանդ լինելու» պատճառով։

Մյուս տուժողը՝ Նիկոլայ Աբրահամյանը, նույնպես չէր ներկայացել՝ ներկայացնելով վատառողջության մասին բժշկի տեղեկանք։

Նիստին ներկա չեն նաեւ Բուդաղյանների ընտանիքի անդամները՝ Էմիլ եւ Լիլիթ Բուդաղյանները։ Վկայություն տալու համար դատարան է եկել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, որի վկայությունը, սակայն, դատարանը չլսեց, քանի որ ընթացակարգով վկաները ցուցմունք են տալիս տուժող կողմից հետո։

Դատարանը որոշեց ապացույցների հետազոտությունը սկսել 20 ժամանոց տեսաձայնագրության հետազոտումից։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունիսի 1-ի երեկոյան տեղեկանալով, որ իր եղբորը՝ Ավետիք Բուդաղյանին ծեծի են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նույն օրը ժամը 23-ի սահմանում գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, եւ անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: