«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով հարուցված քրգործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Անհրաժեշտ փորձաքննությունները կատարվել են, առերեսումներ իմ պաշտպանյալի եւ մյուս մեղադրյալների միջեւ տեղի չի ունեցել, որովհետեւ Ներսես Մելքոնյանը ցուցմունք չի տվել: Բացի դրանից՝ բավականաչափ վկաներ են հարցաքննվել: Հետեւաբար, ենթադրում եմ, որ գործը բավականին կատարված է եւ շուտով այն կավարտվի»,- ասաց նա:
Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին՝ Վարդուհի Էլբակյանը նշեց, որ Ներսես Մելքոնյանը դեռ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում. «Կենցաղային պայմաններից ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ չեմ հարցրել, իսկ բուժման կուրսից դժգոհ չէ, բժիշկներն ուշադիր են»:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։



























