Հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները եւ Ռուսաստանի գործողությունները` ՆԱՏՕ-ն փոխում է իր ռազմավարությունը Եվրոպայում, հայտարարել է  Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ  զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, որը մասնակցում է Ուելսում դաշինքի գագաթաժողովին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք հանդես եկանք լուրջ նախազգուշացմամբ (Ռուսաստանի հասցեին), մեր դաշինքը  համերաշխություն դրսեւորեց անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցում՝ ոչ միայն հյուսիսում, այլեւ  ցամաքի կենտրոնական հատվածում եւ հարավում», - նշել է նա: Նման քայլեր ձեռնարկվելու են մշտապես, վստահեցրել է ամերիկացի գեներալը: 

«Սպասվում է, որ ներկայիս գագաթաժողովի ընթացքում մենք կհայտնենք մեր նվիրվածությունն այդ քայլերին»` Եվրոպայի նոր իրավիճակին հարմարվելու նպատակով, ասել է Բրիդլավը: 

«Մենք Եվրոպայում մեր ուժերը պետք է ավելի հավաքական դարձնենք` կրճատելով դրանց տեղակայման ժամկետը, պատրաստելով նոր  առաջադրանքների», - ընդգծել է նա:

«12 տարվա ընթացքում դաշինքը Ռուսաստանին վերաբերվել է որպես գործընկերոջ՝ փորձելով նրան մերձեցնել Արեւմուտքի երկրներին», - շարունակել է Բրիդլավը՝ հավելելով, որ այժմ իրավիճակը փոխվել է:  Ըստ նրա` ՆԱՏՕ-ն, առաջին հերթին, ստեղծում է արագ  տեղափոխման ուժեր, երկրորդ,  «շտաբեր, որոնք աշխատում են օրական 24 ժամ` տարեկան 365 օր»: Որպես երրորդ բաղադրիչ նա նշել է սպառազինության պաշարը: