Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար Պասկալ Շամասյանը հետաքրքիր է համարում երկրի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի՝ ցեղասպանությունների ժխտման քրեականացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին գրում է ֆրանսիական «La Provence» պարբերականը:

«Ամեն դեպքում, մենք կնախընտրեինք, որպեսզի օրինագիծը ներկայացվեր կառավարության կողմից, ինչպես 2012 թվականին խոստացել է Ֆրանսուա Օլանդը: Այդպես ավելի դյուրին կլիներ»,- նշել է Շամասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն նոր օրինագիծ է առաջարկում՝ 20-րդ դարի ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Ես աշխատել եմ այլընտրանքային եւ նորարարական տարբերակի մշակման ուղղությամբ, որը քրեական իրավունքի մասնագետ ականավոր իրավաբանների հետ քննարկումների արդյունք է: Ահա թե ինչու եմ առաջարկում, որպեսզի ժխտումն օրենքում այլեւս չդիտարկվի ընդամենը որպես ազատ արտահայտման իրավունքի չարաշահում, այլ մարդկության դեմ հանցագործություն»,- պարզաբանել է պատգամավորը: