Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շատ հավանական է համարում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այդ պաշտոնում նորից նշանակվելը, թեեւ շատ կցանկանար սխալված լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը:

Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը առանձնապես շատ չէր հեռացել մարզպետի պաշտոնից, քանի որ պաշտոնանկությունից հետո էլ շարունակում էր մնալ ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար: «Փաստորեն Վահե Հակոբյանին իշխող ռեժիմի պարագլուխները հասկացրել են, որ իր կուսակցական ղեկավարը շարունակում է մնալ Սուրիկ Խաչատրյանը եւ պետք է ենթարկվի նրա հրամաններին: Ես Վահե Հակոբյանի հետ ծանթ չեմ, չեմ խոսել, բայց կարող եմ ենթադրել, որ դիմում գրելու պատճառներից մեկը դա է եղել, գուցե ամենակարեւոր պատճառը, որ նա ազատվել է աշխատանքից: Սուրիկ Խաչատրյանի վերադարձը այդ պաշտոնում հնարավոր համարել եմ դեռ մեկ տարի առաջ, նա կամ այդ պաշտոնին պիտի գնա, կամ ավելի բարձր պաշտոնի պիտի ձգտի, ինչը ես ասել եմ դեռ 1994թ, ռեժիմի տրամաբանությունը դա է: Ռեժիմի պարագլուխները գիտակցել են, որ չէր կարելի իրենց կուսակցության կարկառուն ներկայացուցչին, հենասյանը, հռչակավոր Լիսկային ազատել պաշտոնից եւ գուցե ամենայն հավանականությամբ ուզում են իրենց սխալը ուղղել»,-ասաց նախկին քաղաքապետը:

Նա շեշտեց, որ Աստված բոլորին հնարավորություն է տալիս ուղղել սխալները, խուսափել դրանցից, աստվածահաճո քայլեր կատարել, բայց ՀՀԿ վերջին համագումարը, դրանից հետո գործընթացները ապացուցում են, որ այս իշխանությունները բացարձակ աստվաածահաճո քայլեր կատարելու ցանկություն չունեն: Ավետիք Բուդաղյանի սպանությունը, Սամվել Հարությունյանի խոսքով, Սուրիկ Խաչատրյանի վերջին հանցագործությունն է, եւ իշխանությունները այդ արարքի համար ոչ միայն նրան չեն պատժում, այլեւ պարգեւատրում են եւ ուզում են ասել, որ « Սուրիկ Խաչատրյան քիչ ես արել, պետք է Արտակին էլ սպանեիր, Բուդաղյանների գերդաստանը վերացնեիր»:

Գորիսի նախկին քաղաքապետը շեշտեց, որ վերջին 24 տարվա ընթացքում ինքը պայքարել է  նրա անսովոր քրեական ընթացքի դեմ, միայն վերջին 4 ամիսներին 140 հայտարարություններով է հանդես եկել, 4 դատական գործընթաց է ընթացքի մեջ, Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունները ապացուցող  60-ից ավելի ապացույցներ է ներկայացրել, սակայն որեւէ մեկը չի ասում, թե դրանք սխալ են, բայց մինչսօրս անգամ քրեական գործեր չեն հարուցել, պարգեւատրում են միայն: «Վայ քեզ Սյունիք, որ այսուհետ եւս քո իշխանը Լիսկան պետք է լինի»,- ամփոփեց Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն սեպտեմբերի 4-ին, կառավարության որոշմամբ ազատվեց իր պաշտոնից: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: Այդ պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել էր Անդրանիկ Անդեասյանը, որն օրերս ազատվել է այդ պաշտոնից:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Սյունիքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Սուրիկ Խաչատրյանը: