Երեւանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Ֆեյմս» լաունջ բարի տնօրեն Էմիլ Բաղդասարյանը հերքում է, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան իրենց մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Բարձր խոսակցություն է եղել, ակումբի ներսից մարդ դուրս չի եկել եւ ներս էլ չի մտել: Դուրս եկողը ես եմ եղել, որ հանգստացնեմ կողմերին: Ընդամենը բարձր խոսակցություն է եղել, ոչ վիճաբանել են, ոչ հայհոյել են, այդ պահին նույնիսկ անցորդներ չեն եղել, որ գան, հավաքվեն: Ես այդ տղաներին հանգստացրել եմ ու իրենք հեռացել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնօրենը:

Էմիլ Բաղդասարյանի խոսքով՝ ոստիկանություն էլ չի եկել, սակայն դեպքից 5 ժամ հետո ոստիկանները եկել եւ իրեն տարել են ոստիկանության բաժանմունք՝ բացատրություն տալու:

Նշենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ վեճը սկսվել է ակումբի ներսում, ապա թեժացել եւ ծեծկռտուքի է վերածվել արդեն դրսում՝ ակումբի դիմաց: Այն ծագել է ակումբի տնօրենի ու մի քանի երիտասարդների միջեւ, միջամտել են նաեւ տնօրենի ընկերները: Նրանք քաշքշել եւ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բերման ենթարկել կռվի մասնակիցներին: