Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու եւ դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:
Ողջունելով նախաձեռնությունը՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Մասնավորպես, նշվել է, որ ծրագիրը կխրախուսի ոչ միայն սպառողներին, այլեւ կառուցապատողներին, ինչպես նաեւ մեծապես կնպաստի շինարարության բնագավառի ու տնտեսության զարգացմանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կազմակերպել առանձին քննարկում՝ շինարարության եւ բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում համալիր կերպով անդրադարձ կկատարվի ոչ միայն վերը նշված ծրագրին, այլեւ երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների խնդրին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման, ինչպես նաեւ ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակասեցնելու) համակարգի փուլային վերանայման հնարավորությունը:





























