«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իր փեսան որեւէ կապ չունի քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի հետ:
Լուրեր կան, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից մի քանի օր անց նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը Իսրայել Սարգսյանին ցույց է տվել Մովսես Ներսիսյանի` Մոսոյի լուսանկարը եւ ասել, թե ոստիկանները Արթուրի սպանության համար նրան են փնտրում: Այսինքն՝ ոստիկանության օպերատիվ աշխատանքները տապալել է: Ու դրանից հետո սպանվել է Մոսոն, որի դին ոստիկանները մինչ օրս չեն կարողանում գտնել կոյուղու դիտահորից:
Գրիգոր Ղուկասյանի այս արարքի մասին «Ժողովուրդը» զրուցեց նրա զոքանչի` Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի հետ:
Տիկին Կարախանյան, լուրեր տարածվեցին, որ Ձեր փեսան` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, անցնում է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր սպանության գործով:
Ես բացարձակապես որեւէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ եւ ոչ էլ իմ փեսան որեւէ առնչություն ունի: Իմ անունը շահարկել եք, որ ժողովուրդը կարդա, թե չէ, եթե մենակ իմ փեսայի անունը նշեիք, ով կիմանար, թե ինչ էր: Ես այնքան գործ ունեմ, հիմա էլ նստեմ մտածեմ, թե դա ինչ գործ է: Կրկնում եմ՝ չեմ հետաքրքրվում:
Բայց խոսքը Ձեր փեսայի մասին է:
Կարախանյանը ի՞նչ կապ ունի իր փեսայի հետ: Կապ ունի՞:
Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ձեր հարազատ փեսան աղմկալի սպանության գործով է անցնում:
Այո, նա իմ փեսան է, բայց ես իմ փեսայի գործերի հետ կապ ունե՞մ:
Ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ կապ կարող է նա ունենալ Արթուր Սաֆարյանի սպանության հետ:
Ինչ մասնակցության մասին է խոսքը, երբ ինքը ընդամենը օպերատիվ աշխատանք է կատարել այդ գործով: Իմ փեսան կարող է 15 գործով օպերատիվ ախատանք իրականացնել եւ ես չեմ կարող իմանալ ու հետաքրքրվել: Փեսաս այս գործով չի անցնում, ո՞նց կարող է փեսաս այդ գործով անցնել: Բոլորը, ովքեր աշխատել են այս գործով, բոլորին էլ տարել հարցաքննել են, նույնը իմ փեսային: Շատ այլ պաշտոնատար անձանց էլ են կանչել, ինչո՞ւ նրանց անունները չեք գրում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























