Էստոնիայում ՆԱՏՕ-ի կենտրոն կհայտնվի, որը կզբաղվի կիբերանվտանգության ոլորտի մասնագետների պատրաստմամբ։ Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում՝ Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերի եւ դաշինքի գլխավոր հրամանատարներից Ժան Պոլ Պալոմերոսի կողմից։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Lääne Elu-ն։
«Կիբերպոլիգոնը» կգտնվի մայրաքաղաք Տալլինում։ Կայանում տեղեկատվական համակարգերի անվտանգությանը նվիրված տարատեսակ ուսումնավարժանքներ կանցկացվեն։
«Դա կուժեղացնի Էստոնիայում դաշինքի ներկայությունը եւ թույլ կտա այստեղ հավաքել կիբերանվտանգության միջազգային մասնագետների թիմ», —մեկնաբանել է Էստոնիայի պաշտպանության նախարարը:
Էստոնիայում 2008 թ.-ից արդեն գործում է ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության կենտրոնը, որի խնդիրն է ամրապնդել դաշինքի հնարավորությունները կիբերանվտանգության ոլորտում` կրթության եւ զարգացման նախագծերն իրականացնելու միջոցով:





























