Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադառնալու հավանականությանը Բուդաղյանները վատ են վերաբերվում, սակայն նրանք այս պահին միայն ուզում են, որ մեկ տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մեղավորները պատժվեն:

«Մեր ցավն այնքան մեծ է, Սուրիկ Խաչատրյանն այնպիսի ցավ է մեզ պատճառել, որ չենք էլ ուզում իր անունը լսենք: Մեզ արդեն ոչինչ չի հետաքրքրում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների մայրը՝ Լիլիթ Բուդաղյանները:

Բուդաղյանները, այնուամենայնիվ, հույս ունեն, որ իշխանությունները նման սխալ չեն գործի եւ «Լիսկային» մարզպետ չեն նշանակի:

NEWS.am-ի Գորիսի աղբյուրներն էլ հայտնում են, որ բնակչությունը չի էլ ցանկանում մտածել, որ կարող է նախկին մարզպետը վերադառնալ:

«Իշխանությունները ոնց որոշեն, այդպես էլ կլինի, ով է մեզ լսողը, իսկ Վահե Հակոբյանի ազատվելը շոկ էր բոլորիս համար, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ նրան աշխատանքից կհանեն: Ամեն դեպքում, Լիսկայի վերադարձի մասին փորձում ենք չխոսել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը չէր բացառել, որ շուտով նոր պաշտոնի կանցնի:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո: Սյունիքի նոր մարզշետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝  նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: