«Նոյեմբերի 5»-ի գործով կալանավորված պահեստազորի գնդապետ Վարդան Վարդանյանի ընտանիքին թույլ չեն տալիս տեսակցել ամբաստանյալի հետ: NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկի դուստրը՝ Զարուհի Վարդանյանը, նշեց, որ այս 10 ամիսների ընթացքում երբեք հորը չեն տեսել:
«Հայրիկս մի քանի տարի առաջ միկրոինսուլտ է տարել, սրտի հետ կապված խնդիրներ ունի, իսկ կալանավայրի պայմաններն էլ ինքներդ գիտեք, թե ինչքան վատ են: Մեզ այսքան ժամանակ թույլ չեն տվել տեսնել նրան, միայն դատական նիստերի ժամանակ է հաջողվում նրան տեսնել»,- ասաց նա:
Ազատամարտիկի դստեր խոսքով՝ հոր այն հայտարարությունից հետո, թե նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ բերման ենթարկվելուց հետո իրեն ոստիկանական բաժանմունքում ծեծել է Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իրենց վրա փորձել են ճնշում գործադրել. «Ընդամենը երկու ժամ անց ոստիկաններ են եկել մեր թաղամաս եւ հարեւաններից հետաքրքրվել են, թե որտեղ ենք աշխատում, երբ ենք գնում, երբ ենք գալիս: Ըստ երեւույթին, ցանկանում էին այդ կերպ մեզ ճնշել, դրանից հետո ակնհայտ նման բաներ չեն եղել, ամեն դեպքում չենք նկատել»:
Վարդան Վարդանյանը կռվել է Լաչինում եւ Ստեփանակերտում: Զարուհու պնդմամբ՝ այս ամիսներին ոչ մեկն իրենց չի օգնել, նույնիսկ ազղատամարտիկ ընկերներն այցի չեն եկել, նյութական օգնություն ցույց չեն տվել:
Նշենք, որ օգոստոսի 15-ին կայացած դատական նիստի ժամանակ Վարդան Վարդանյանը հայտարարել է. «Վովա Գասպարյանը ծեծել է իր քննիչների եւ բաշիբոզուկների հետ: Դուրսն էի, թող գար, այդ ժամանակ ինձ ծեծեր: Ոչ թե ծեծելուց եմ վիրավորված, այլ որ ֆորմայիս վրայից մեդալս գողացել են: Ծեծում ա, լավ ա անում, բայց որ մեդալները տարան, դա ամենավերջին հայը կաներ»:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























