2009թ-ի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով որեւէ էական առաջընթաց չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։

Նա նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ներկայացրել է մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է սարքվում գործը: Այլ փաստեր եւս ունի, որը առայժմ չի ներկայացրել: «Առայժմ ուսումնասիրում են, հնարավոր է ինչ-որ բաներ են ձեռնարկում, չգիտեմ, չեմ կարող ասել, ես եւս սպասողական վիճակում եմ, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում, բայց վստահ եմ, որ գործ արվում է: Ես վստահ եմ, որ տղուս սպանությանը գործը մի օր բացվելու է»,-ասաց նա:

Այլ քայլեր առայժմ հայրը չի ձեռնարկում, սպասում է իրավապահների գործողությունների արդյունքին:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր ութ կրակոց, որոնցից հինգն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ: