Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի եւ «Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի միջեւ առերեսումը, չնայած խոստմանը, այս շաբաթ տեղի չունեցավ: Այս մասին NEWS.am-ին ասաց Փայլակ Հայրապետյանը:
Նա նշեց, որ թեեւ քննիչները խոստացել էին, որ այս շաբաթ կկայանա առերեսումը, բայց փաստորեն այս շաբաթ էլ անցավ ու այն չկայացավ:
Աշոտ Սուքիասյանի Հայաստան տեղափոխումից հետո 3 ամիս է անցել, բայց դեռ չեն առերեսվել, եւ Փայլակ Հայրապետյանի կարծիքով` գործը դանդաղ է առաջ ընթանում: «Երեւի շատ մեծ գործ է, լիքը գործողություններ կան անելու, քննչական խումբ կա ձեւավորված, 50-ից ավելի մարդ է հարցաքննվել»,- ասաց նա:
Փայլակ Հայրապետյանը չի հուսահատվում եւ մտադիր է պայքարել մինչեւ վերջ, քանի որ վստահ է, որ հաղթելու է: Նա հույս ունի, որ գոնե մյուս շաբաթ կառերեսվի Աշոտ Սուքիասյանի հետ: «Անհամբեր սպասում եմ, որ գնամ թքեմ դրա երեսին, հանգստանամ»,- ասաց նա:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:





























