ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը, այն է՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, մեսիջ էր Ադրբեջանին, որի վարքագիծը վերջին ժամանակներս դարձել էր ավելի կոշտ եւ ուղղված ֆաշիստական պետության կառուցմանը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 4-ին Նյուպորտում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱՄՆ պետքարտուղարի հետ եռակողմ հանդիպման արդյունքներին:

Դավիք Բաբայանի համոզմամբ՝ սա ամենաէական արդյունքն է: «Մենք երբեմն ճիշտ չենք պատկերացնում այդ հանդիպումների նպատակները եւ կարծում ենք, որ դրանց արդյունքներով հարցը պետք է կարգավորվի, սակայն դա այպես չէ: Սակայն այն, որ այդ հայտարարությունն հնչել է ԱՄՆ-ի պետքարտուղարի շուրթերից, շատ կարեւոր է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հիմնված է երեք գաղափար-սկզբունքների վրա. 1. Խաղաղ կարգավորում, 2. Լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը,  3. Ադրբեջանի կողմից իրավիճակի լիարժեք ընկալում, մասնավորապես, չկա վերադարձ անցյալին ինչպես սահմանների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», - ընդգծեց Դավիթ Բաբայանը: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող կամ հրաժարվում է  ընդունել վերջին երկու սկզբունքները (Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը եւ անցյալին չվերադարձնելու հրամայականը), չնայած դրան այլընտրանք պարզապես չկա: «Խաղաղ կարգավորման սկզբունքը թույլ է տալիս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանել, եւ հետագայում հիմք ստեղծել մյուս երկու սկզբունքների ընդունմանը, որը հնարավորություն հասնել այդ երեք սկզբունքների շուրջ հակամարտության համալիր կարգավորմանը», - եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: