Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ անցած տարվա հունիսի երկուսին տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո տան խուզարկությունը տեւել է ընդամենը 35 րոպե եւ այդ ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` ընդգծելով, որ խուզարկությունն անցել է օրենքի բազմաթիվ խախտումներով:
«Իմ ձեռքին է Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության արձանագրությունները: Հետաքրքիր է, որ քննիչը միայնակ է արել ամբողջ խուզարկությունը, մինչդեռ հսկայական առանձնատան խուզարկության համար մեկ քննիչը բավական չէ: Ամբողջ խուզարկությունը Սուրիկ Խաչատրյանի տանը տեւել է 35 րոպե: Բացի Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած զենքերից` ուրիշ ոչ մի բան չի հայտնաբերվել: Այս ամեն ինչը նշանակում է, որ խուզարկություն չի եղել, եղել է միայն կեղծիք»,- ասաց նա:
Հայկ Ալումյանի խոսքով` խուզարկությունը տեղի է ունեցել դեպքից տասներկու ժամ անց, որը նույնպես տրամաբանությունից դուրս է: Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի նկարագրին` փաստաբանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը բազմիցս դատվել է խուլիգանության, մարմնական վնասվածքների եւ գողությունների հոդվածներով:





























